Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 2.2010

Հոբելյանական տարեթվեր

1895թ., 115 տարի առաջ, Երևանում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Շավարշ Մաթևոսի Մաթևոսյանը: 1919-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Մի քանի տարի ծառայել է բանակում որպես զինվորական բժիշկ, մասնակցել է քաղաքացիական պատերազմին, որի ավարտից հետո մասնագիտացում է անցել Մոսկվայում:

 

1925-ին վերադարձել է Երևան և աշխատանքի անցել տրոպիկական ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող, ապա` բաժնի վարիչ: Նրա ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել Հայաստանում միաբջիջ մակաբույծների տարածվածությունը, նրանց ախտորոշման եղանակները, կենսաբանական և ախտածին դերը, հարուցած հիվանդությունների ախտածնությունը և համաճարակաբանությունը բացահայտելու ուղղությամբ: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: 1949-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԵրԲԻ-ի կենսաբանության և մակաբուծաբանության ամբիոնը: 1958-1961թթ. միաժամանակ վարել է ինստիտուտի գիտական գծով պրոռեկտորի պաշտոնը: Պարգևատրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով: Մահացել է 1969թ., Երևանում:

 

1910թ., 100 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Մկրտչի Գալստյանը: 1931-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, ապա ընդունվել ասպիրանտուրա: 1935-ին նշանակվել է ԵրԲԻ-ի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանի տարբեր հոսպիտալներում ծառայել է որպես գլխավոր վիրաբույժ, հոսպիտալի պետ: 1959-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1963-ին կազմակերպել է մանկաբուժական և սանիտարաստոմատոլոգիական ֆակուլտետների ընդհանուր վիրաբուժության ամբիոնը, որը ղեկավարել է երկար տարիներ: 1960-1962 և 1969-1971թթ. եղել է ԵրԲԻ-ի ռեկտորը: Հեղինակ է մի շարք գիտական աշխատանքների և հոդվածների: Պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր դրոշի 2, ՙՊատվո նշան՚ 2 շքանշաններով և բազմաթիվ մեդալներով: Մահացել է 2000թ., Երևանում:

 

1910թ., 100 տարի առաջ, Թիֆլիսում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Սիմոն Հակոբի Միրզոյանը: 1931թ. ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և նշանակվել նույն ինստիտուտի դեղաբանության ամբիոնի ասիստենտ: 1936-1988թթ. ղեկավարել է ամբիոնը: 1950-ին ՀՀ ԱՆ կուրորտաբանության ինստիտուտում հիմնադրել և 10 տարի ղեկավարել է դեղաբանության փորձարարական լաբորատորիան, 1971-1978թթ.` ՀՀ ԱՆ գիտաբժշկական խորհուրդը: Համարվում է Հայաստանում դեղաբանության դպրոցի հիմնադիրը: Երկար տարիներ ուսումնասիրություններ է կատարել նոր դեղանյութերի հատկությունների և օրգանիզմի վրա դրանց ազդեցության, Հայաստանի դեղաբույսերի բուժական հատկությունների բացահայտման ուղղությամբ: Հեղինակ է բազմաթիվ աշխատանքների: Եղել է մի շարք գիտական ընկերությունների հանձնաժողովների, ամսագրերի խմբագրական կոլեգիաների անդամ: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով: Մահացել է 1993թ., Երևանում:

 

1910թ., 100 տարի առաջ, Նոր Բայազետում ծնվել է բ.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Հովհաննեսի Սարուխանյանը: 1931-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը և նշանակվել նույն ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1936-ին գործուղվել է Մոսկվա և ուսումնասիրել թոքերի վիրահատական բուժման մեթոդները: Մասնակցել է ֆիննական և Հայրենական մեծ պատերազմներին: Ծառայել է որպես էվակոհոսպիտալների առաջատար վիրաբույժ: 1956-1973թթ. ղեկավարել է ԵրԲԻ-ի մանկաբուժության, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների վիրաբուժության ամբիոնը: Ուսումնասիրություններ է կատարել վիրաբուժության տարբեր ճյուղերի ուղղությամբ: Պարգևատրվել է Կարմիր աստղի, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով: Մահացել է 1973թ., Երևանում:

 

1910թ., 100 տարի առաջ, Շուշիում ծնվել է բ.գ.դ., առողջապահության կազմակերպիչ, համաճարակաբան Ֆենյա Ալեքսանդրի Ծատուրյանը: 1935-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Օժտված լինելով բժիշկ-կազմակերպչի բարձր ունակություններով` նա վարել է պատասխանատու պաշտոններ: Բուժաշխատողների առաջին հանրապետական համագումարում ընտրվել է բժշկասանիտարական աշխատողների արհմիության կենտկոմի պատասխանատու քարտուղար, ապա ՀԿ(բ)Կ Կենտկոմի առողջապահության կադրերի սեկտորի վարիչ: Հայրենական մեծ պատերազմի առաջին երկու տարիներին Ֆ.Ծատուրյանը եղել է էվակոհոսպիտալի պետ, իսկ բանակից զորացրվելուց հետո` վարել առողջապահության ժողկոմատում գլխավոր պետական սանիտարական տեսուչի պաշտոնը: 1948թ. ընտրվել է բուժաշխատողների արհմիության կենտկոմի նախագահ և աշխատել մինչև 1955թ., այնուհետև աշխատանքի է անցել համաճարակաբանության, մանրէաբանության և հիգիենայի ԳՀԻ-ում որպես ավագ գիտաշխատող:

 

1950թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1971-ին` դոկտորական ատենախոսությունը: Աշխատանքային գործունեության վերջին տարիներին ղեկավարել է Ն.Հակոբյանի անվան ընդհանուր հիգիենայի և պրոֆհիվանդությունների ԳՀ ինստիտուտի կազմմեթոդական բաժինը: Ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի, Երևանի քաղխորհրդի պատգամավոր, արժանացել վաստակավոր բժշկի կոչման: Պարգևատրվել է մի շարք մեդալներով ու պատվոգրերով: Մահացել է 1980թ., Երևանում:

Հեղինակ. Նարինե Ղազարյան Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ-ի բժշկության պատմության թանգարանի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 2.2010 (287)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ